Էստոնիան առնվազն վեց ամսով կասեցնում է Ռուսաստանի հետ ավտոճանապարհային անցումները


Սահմանային անցակետերը փակվելու են դեկտեմբերի 1-ից։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան քաղաքական և դիվանագիտական միջոցներ կձեռնարկի, եթե Էստոնիան իրագործի այդ ծրագիրը։
Էստոնիայի կառավարությունը նոյեմբերի 20-ին որոշել է դեկտեմբերի 1-ից առնվազն վեց ամսով կասեցնել Ռուսաստանի հետ ավտոճանապարհային սահմանային անցումները։ Դրանից հետո կառավարությունը կգնահատի անվտանգության իրավիճակն ու միջոցառման ազդեցությունը և կորոշի՝ արդյոք երկարաձգել սահմանափակումը։
Ավելի վաղ, երբ Էստոնիան հայտարարել էր անցակետերը փակելու մասին, ժամկետ չէր նշվել։ Որոշմանը նախորդել էր նոյեմբերի 14-ին Վիիմսիում հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող Threod Systems-ի դեմ հրկիզման փորձը։ Էստոնիայի ներքին անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հարձակումը պատվիրել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը՝ Գլխավոր հետախուզական վարչությունը։ Կրեմլը հերքել է մեղադրանքը՝ այն համարելով եվրոպական երկրների կողմից հնչող կեղծ մեղադրանքների շարունակություն։
Նոյեմբերի 15-ին վարչապետ Կրիստեն Միխալն ասել էր, որ ներքին գործերի նախարար Իգոր Տարոյին և կառավարության աշխատակազմին խնդրել է նախապատրաստել սահմանը փակելու համար անհրաժեշտ քայլերը։ Տարոն ասել էր, որ կառաջարկի անցակետերը փակել հետիոտների և տրանսպորտային միջոցների համար։
Ավելի վաղ՝ Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ անցակետերը՝ անօդաչուների գործարանը հրկիզելու փորձից հետո
Սահմանափակումը վերաբերում է Նարվա-1, Նարվա-2, Կոյդուլա, Լուհամաա և Սաատսե անցակետերին։ Այն տարածվում է մարդկանց և տրանսպորտային միջոցների վրա․ սահմանն այլևս հնարավոր չի լինի անցնել ոտքով, ավտոբուսով կամ բեռնատարով։ Երկաթուղային բեռնափոխադրումները կշարունակվեն գործող սահմանափակումներով և մաքսային վերահսկողությամբ։
Մինչ որոշումը բաց էին Նարվա-1, Կոյդուլա և Լուհամաա երեք ավտոճանապարհային անցակետերը։ Դրանց օրական 12-ժամյա աշխատանքային գրաֆիկը՝ 07:00-ից 19:00-ն, սահմանվել էր 2026-ին ավելի վաղ և օգոստոսին երկարաձգվել անորոշ ժամկետով։ Էստոնիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ գիշերն անցակետերը փակելը թույլ է տվել ավելի արդյունավետ օգտագործել անձնակազմի աշխատանքը և ավելացնել ցերեկային մաքսային ստուգումները։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս չմեկնել Ռուսաստան և այնտեղ գտնվող Էստոնիայի քաղաքացիներին հորդորում է նախապես պլանավորել վերադարձը։ Սահմանափակումն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհորդներին անհրաժեշտ կլինի օգտվել այլ բաց երթուղիներից, որոնք, նախարարության խոսքով, կարող են ավելի երկար և թանկ լինել։
Արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան ասել է, որ անցակետերը փակելը մեկ միջադեպի պատասխան չէ, այլ հաջորդ քայլն է՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից և Եվրոպայում, նրա բնորոշմամբ, ավելի հաճախակի դարձած դիվերսիաներից ու այլ գործողություններից հետո։ Էստոնիայի կառավարությունը պնդում է, որ սահմանափակումը կդժվարացնի ռուսական հետախուզական ծառայությունների կողմից մարդկանց հավաքագրումն ու նրանց վրա ազդելը, ինչպես նաև կօգնի կանխել պատժամիջոցների շրջանցումը և այլ ապօրինի անդրսահմանային գործունեությունը։ Կառավարության խոսքով՝ այս միջոցը չի վերացնի Ռուսաստանից բխող բոլոր սպառնալիքները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում ներկայացրել է հնարավոր պատասխանը, գրել է The Moscow Times-ը։
«Եթե Տալլինը կյանքի կոչի այդ ծրագրերը, մեր երկիրն ի պատասխան կձեռնարկի անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական միջոցներ՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»։
Էստոնիայի կառավարության խոսքով՝ փոփոխությունն ամենաուղղակի ազդեցությունը կունենա Նարվայի և Սետոմաայի վրա, հատկապես՝ այն մարդկանց, որոնց հարազատները, աշխատանքը, գույքը կամ այլ կապերը սահմանի մյուս կողմում են։ Սետո կոնգրեսի ավագների խորհուրդը խնդրել է փոխհատուցման փաթեթ մշակել և տեղացիներին ներգրավել միջոցառումների նախապատրաստմանը՝ զգուշացնելով Սետոմաայի և դրա ձեռնարկությունների վրա տնտեսական ազդեցության մասին։
Առաջիկա շաբաթներին կառավարությունը կքննարկի Էստոնիայի հարավ-արևելքի և Իդա-Վիրու շրջանի բնակիչների վրա ազդեցությունը մեղմելու միջոցները։ Վեց ամիս անց վերանայման ժամանակ այն նաև կորոշի՝ արդյոք սահմանային սահմանափակումը փոփոխելու կարիք կա։
Արտգործնախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է դեկտեմբերի 1-ից անցակետերը փակելու մասին՝ Threod Systems-ի վրա հարձակման փորձից հետո։ Էստոնիայի գլխավոր դատախազն ասել է, որ 8 մարդ է ձերբակալվել, իսկ պաշտոնյաները փորձի համար պատասխանատու են համարել Ռուսաստանի ռազմական հետախուզությանը։
3 րոպե