
Չինական և այլ երկրների չիպերի նախագծողների պատվերները կասեցվել են կանոնների համաձայն, որոնք կարող են տարածվել հեռախոսների, հեռուստացույցների և մեքենաների մշակիչների վրա։
Taiwan Semiconductor Manufacturing Company Limited-ը (TSMC) կասեցրել է չինական և այլ երկրների չիպերի նախագծողներին ուղղված մի քանի առաքում՝ ստուգելու համար դրանց համապատասխանությունն ԱՄՆ-ի արտահանման խստացված կանոններին, գրել է Nikkei Asia-ն, որի հրապարակումը մեջբերել է Tom’s Hardware-ը։ Թայվանում տեղակայված ընկերությունը չիպեր է արտադրում այլ ընկերությունների համար, այդ թվում՝ սեփական գործարաններ չունեցող նախագծողների։
Նախկինում TSMC-ն կարող էր ստուգել չինական որոշ նախագծերի հաշվարկային հզորությունն ու այլ հատկանիշները՝ որոշելու համար, թե արդյոք դրանք դուրս են ԱՄՆ-ի վերահսկողության շրջանակից, նոյեմբերի 19-ին գրել է Reuters-ը։ Նոր կանոններն այդ հնարավորությունից զրկում են դրանց ազդեցությանը ենթակա չինական հաճախորդներին։ Նրանց առաջադեմ չիպերը ենթադրաբար ընդգրկված են արտահանման վերահսկողության շրջանակում, և դրանց համար լիցենզիա է պահանջվում, եթե բացառություն չի կիրառվում։ Reuters-ը վկայակոչել է հարցին ծանոթ երկու մարդու, որոնց խոսքով՝ TSMC-ն կարգադրել է կասեցնել 16 nm կամ ավելի առաջադեմ արտադրական գործընթացներով կատարվող՝ կանոնների ազդեցությանը ենթակա պատվերները, եթե հաճախորդներն ԱՄՆ-ի արտահանման լիցենզիա չեն ստացել։ Այդ պատվերներից մի քանիսը նախկինում թույլատրված էին։
Նախկին սահմանափակումները վերաբերում էին ավելի առաջադեմ չիպերին։ 2024-ին Reuters-ը վկայակոչել էր ԱՄՆ-ի կարգադրությանը ծանոթ մի մարդու։ Այդ կարգադրությամբ TSMC-ից պահանջվում էր դադարեցնել 7 nm կամ ավելի առաջադեմ գործընթացներով արտադրված որոշ չիպերի առաքումը չինական հաճախորդներին։ Կարգադրությունը վերաբերում էր գրաֆիկական մշակիչներում և գերբանականության (ԳԲ) հաշվարկներն արագացնող սարքավորումներում օգտագործվող չիպերին։
ԱՄՆ-ի առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի ընդունած կանոնի համաձայն՝ չիպեր արտադրողները և դրանք փաթեթավորող ու փորձարկող արտաքին ընկերությունները նախ պետք է 16 nm, 14 nm կամ ավելի առաջադեմ գործընթացներով արտադրված չիպերը համարեն առաջադեմ հաշվարկների արտահանման վերահսկողության ենթակա, գրել է Tom’s Hardware-ը։ Այդ արտադրական գործընթացներն օգտագործվում են ոչ միայն տվյալների կենտրոնների, այլև սմարթֆոնների մշակիչների, հեռուստացույցների և ավտոմատացված վարման համակարգերի չիպերի համար։
Լրացուցիչ ստուգումներից խուսափելուն կարող է օգնել հաստատված նախագծողի փաստաթուղթը, որը հավաստում է չիպի հաշվարկային արտադրողականությունը կամ դրա հաշվարկային հզորությունը որոշակի մակերեսի վրա։ Մինչև 30 միլիարդ տրանզիստոր ունենալը և տվյալներն արագ մշակիչին փոխանցող բարձր թողունակությամբ հիշողության բացակայությունն ինքնին բավարար չեն ապացուցելու համար, որ չիպը նախատեսված չէ բարձր արդյունավետությամբ հաշվարկների համար։
Հաղորդված կասեցումների հիմքում ընկած արտադրողների համապատասխանության ստուգումներից բացի՝ կանոնը վերաբերում է նաև Չինաստանից դուրս գտնվող հաշվարկային ենթակառուցվածքների միջոցով չինական ընկերությունների հեռավար հասանելիությանն ԱՄՆ-ի առաջադեմ չիպերին։
Կանոնի առանձին դրույթով լիցենզիա է պահանջվում ԳԲ-ի առաջադեմ չիպերն Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Բրազիլիա և Թաիլանդ հետագա առաքելու համար։ Կանոնում այդ երկրները նշված են որպես տարանցիկ կետեր, որոնցով չիպերը հաճախ ուղարկվում են նախքան Չինաստան վերահասցեավորվելը։
Nikkei Asia-ն առաքումների կասեցումը ներկայացրել է որպես համապատասխանության ստուգում։ Պարբերականի մեջբերած անձը կանխատեսել է, որ ստուգումների պատճառով ամբողջ աշխարհում չիպերի նախագծողների առաքումները կուշանան, երբ նրանք փորձում են համապատասխանության հաստատում ստանալ, և որ դա կազդի ասիական երկրների նորաստեղծ ընկերությունների վրա։
Միջանկյալ վերջնական կանոնը լիցենզիա է պահանջում գերբանականության (ԳԲ) առաջադեմ չիպերն Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ կամ Բրազիլիա վերաարտահանելու համար։
1 րոպե