ՆԱՍԱ-ի հաշվարկով՝ Voyager 1-ը Երկրից հեռացել է մեկ լուսային օրով


Եթե կանխատեսված հեռավորությունը հաստատվի, զոնդը կդառնա դրան հասած մարդու ստեղծած առաջին օբյեկտը։ Հաստատման համար անհրաժեշտ ազդանշանը սպասվում է մոտ մեկ օր անց։
ՆԱՍԱ-ի հաշվարկով՝ Voyager 1-ը Երկրից մեկ լուսային օր հեռավորության է հասել 2026 թ․ նոյեմբերի 18-ին՝ Խաղաղօվկիանոսյան ժամանակով 02:16:07-ին (Երևանի ժամանակով՝ 14:16:07-ին)։ Զոնդը կլինի Երկրից այդքան հեռացած մարդու ստեղծած առաջին օբյեկտը։
Լուսային օրն այն հեռավորությունն է, որը լույսն անցնում է 24 ժամում՝ մոտ 16,09 միլիարդ մղոն (25,9 միլիարդ կիլոմետր)։ ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում կանխատեսված հեռավորությանը հասնելը հաստատող ազդանշանը սպասում էին մոտ մեկ օր անց, գրել է Reuters-ը։
Voyager 1-ն անցել է Յուպիտերի և Սատուրնի մոտով, ապա հեռացել հելիոսֆերայից՝ Արեգակի ստեղծած մասնիկների ու մագնիսական դաշտերի պղպջակից։ Զոնդի ուղին այն հասցրել է միջաստղային տարածություն․
Այս հեռավորության վրա Երկրից ուղարկված հրամանը Voyager 1-ին հասնում է մոտ մեկ օրում, իսկ պատասխանն ստանալու համար ևս մեկ օր է պահանջվում։ Զոնդից արդեն ուղարկված ազդանշանին անհրաժեշտ է միայն անցնել միակողմանի ճանապարհի մնացած մասը։
Ռեակտիվ շարժման լաբորատորիան կառուցել և շահագործում է Voyager տիեզերանավերը, ինչպես նաև կառավարում է Խոր տիեզերական կապի ցանցը՝ դրանց հետ հաղորդակցվելու համար օգտագործվող ռադիոալեհավաքների միջազգային համալիրը։ Voyager նախագծի ղեկավար Սյուզան Դոդն ասել է, որ զոնդն անընդհատ չափումների արդյունքներ է ուղարկում, որոնք հասնում են Երկիր, երբ ցանցն իր ալեհավաքներից մեկն ուղղում է դեպի այն։
Լաբորատորիայի ներկայացուցիչն ասել է, որ էներգիայի խնայողության վերջին միջոցառումները կարող են թույլ տալ Voyager 1-ին և նրա զույգին՝ Voyager 2-ին, ևս երեքից չորս տարի կապ պահպանել Երկրի հետ։ Նրա խոսքով՝ ներկայում գործող գիտական գործիքների համար բավարար էներգիա կա՝ մինչև 2027 թվականին արձակման 50-ամյակն աշխատելու համար, սակայն դրանից հետո ընկած ժամանակահատվածը դժվար է կանխատեսել, և կարող են չնախատեսված խնդիրներ առաջանալ։
ՆԱՍԱ-ն հայտնել է, որ լաբորատորիան նոյեմբերի 19-ին՝ Խաղաղօվկիանոսյան ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին), քննարկում կանցկացնի զոնդերի վիճակի, դրանց գիտական աշխատանքի և շահագործումը շարունակելու դժվարությունների մասին։ Դրան կհաջորդի հարցուպատասխանը։
Նոյեմբերի 19-ին ստացված ռադիոազդանշանը ցույց է տվել, որ զոնդը հատել է այդ հեռավորությունը նոյեմբերի 18-ին՝ Գրինվիչի ժամանակով 10:16-ին (Երևանի ժամանակով՝ 14:16-ին)՝ դառնալով առաջին տիեզերական սարքը, որին դա հաջողվել է։
3 րոպե