Բահրեյնը հայտնել է անօդաչուի հարձակումը կանխելու մասին


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նոյեմբերի 17-ին թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարն Իսա ավիաբազայում, իսկ Բահրեյնի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ հարձակումը կանխվել է։
Իրավիճակ՝ Իրանի պատերազմ և Հորմուզի նեղուց
Բահրեյնի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ին անօդաչուի հարձակում է կանխվել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն համակարգն Իսա ավիաբազայում։ Երկու կողմերի հաղորդածից պարզ չէ՝ արդյոք ռադարը խոցվել է, որևէ մեկը տուժել է կամ գույքին վնաս է հասցվել։
Հարձակումից առաջ կորպուսն արդեն երկու անգամ հայտարարել էր Բահրեյնում ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն համակարգերը թիրախավորելու մասին։ Կորպուսն Իրանի զինված ուժերի մասն է և գործում է կանոնավոր բանակից առանձին։
Իրանական IRIB հեռուստառադիոընկերության տարածած հայտարարության մեջ կորպուսն ասել է, որ հարձակումը տարածաշրջանում ԱՄՆ ուժերի, իր բնորոշմամբ, թշնամական գործողություններին հակազդելու ջանքերի մասն է, գրել է Al Jazeera-ն։
Ավելի վաղ՝ Իրանի պահապանների կորպուսը հայտնել է՝ Բահրեյնում ԱՄՆ ռադարը թիրախավորել է 6 անօդաչուով
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը բնակիչներին հեռախոսով ծանուցում է ուղարկել՝ զգուշացնելով հնարավոր սպառնալիքի մասին և հորդորելով գնալ մոտակա անվտանգ վայր։ Ծանուցումից հետո մայրաքաղաք Մանամայում պայթյուններ են լսվել։

Իսա ավիաբազան գտնվում է Բահրեյնի հարավում, այնտեղ տեղակայված է Բահրեյնի ռազմաօդային ուժերի կործանիչների ավիաթևը։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 2009-ի մարտին այնտեղ ճամբար են հիմնել, իսկ ավելի ուշ ԱՄՆ-ն ավիաբազայում ինքնաթիռներ է տեղակայել «Իսլամական պետության» դեմ գործողությունների համար։ Իսան առանձին է Մանամայի մոտ գտնվող Բահրեյնի ռազմածովային աջակցության բազայից, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը։
Նոյեմբերի 15-ին կորպուսը հայտարարել էր, որ 6 անօդաչու է ուղարկել Ռիֆա ավիաբազայում գտնվող ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության ռադարի դեմ։ Այդ առանձին բազայում տեղակայված են ԱՄՆ ուժեր։ Նոյեմբերի 13-ին էլ կորպուսը հայտարարել էր, որ թիրախավորել է Բահրեյնում ԱՄՆ-ի վաղ նախազգուշացման ռադարը։ ԱՄՆ զինվորականները հերքել էին, թե օբյեկտը խոցվել է, և հայտնել, որ այդ ավելի վաղ միջադեպի ժամանակ որսացել են իրանական 2 անօդաչու՝ առանց վնասների և տուժածների։
Հարձակումները տեղի են ունենում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերի փակուղու պայմաններում։ Պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին։
ԱՄՆ մարտական ինքնաթիռները հարվածել են Իրանի Քեշմ կղզում գտնվող Պահապանների կորպուսի հրթիռային արձակման դիրքին, ասել է ԱՄՆ զինվորական պաշտոնյան։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ նոյեմբերի 17-ին թիրախավորել է Բահրեյնի ավիաբազայում գտնվող ամերիկյան ռադարը։ Բահրեյնի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը կանխել է գրոհը։
4 րոպե

Բահրեյնը հայտնել է, որ նոյեմբերի 15-ին կասեցրել է Իրանի հարձակումները և բնակիչներին հորդորել է ապաստանել։ Իրանի պահապանների կորպուսի պնդմամբ՝ իր անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Ալ-Ռիֆայի ուղղաթիռային բազայի ռադարը։
2 րոպե

Պահապանների խոսքով՝ հարվածը պատասխան էր Իրանի հարավում հեռահաղորդակցության աշտարակի վրա հարձակմանը։ Նրանց հետ փոխկապակցված Fars գործակալությունը հայտնել է, որ ռադարն ավերվել է։
2 րոպե