Մեծ Բրիտանիան Ուկրաինայի ՀՕՊ-ի համար ավելի քան 1 000 հրթիռ է խոստացել


Բրիտանիայի £240 միլիոն (մոտ $316,6 միլիոն) արժողությամբ փաթեթը ներառում է նաև արձակման կայանքներ և ռադարներ։ Ակնկալվում է, որ հրթիռների մատակարարումները կսկսվեն դեկտեմբերի կեսերին։
Իրավիճակ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ
Բրիտանիայի կառավարությունը £240 միլիոն (մոտ $316,6 միլիոն) արժողությամբ փաթեթի մասին հայտարարել է նոյեմբերի 17-ին, երբ Ուկրաինան պատրաստվում էր էներգետիկ և մատակարարման ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հետագա հարձակումներին։ Փաթեթում ընդգրկված են Բրիտանիայից և Եվրոպայից տրամադրվող ավելի քան մեկ տասնյակ ՀՕՊ ռադարներ, որոնք կօգնեն հայտնաբերել մոտեցող հարձակման միջոցները։
Էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված ռուսական հարվածները համատարած հոսանքազրկումների պատճառ են դարձել։ Նոյեմբերի 3-ին դրանց հետևանքով Կիևում գրանցվել է լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ջրամատակարարման ամենածանր խափանումը․ բնակիչներն ավելի քան 24 ժամ մնացել են առանց կենտրոնացված ջրամատակարարման, գրել է The Kyiv Independent-ը։ Նոյեմբերի 6-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դաշնակիցներին հորդորել է չհետաձգել ՀՕՊ միջոցների մատակարարումները՝ զգուշացնելով, որ Ռուսաստանը նոր հարձակումներ է նախապատրաստում էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Խոստումը Բրիտանիայի բյուջեով հայտարարված £500 միլիոն (մոտ $659,5 միլիոն) հատկացումների մասն է, որոնք նախատեսված են այս ձմռանն Ուկրաինայի ՀՕՊ-ի հրատապ բացերը լրացնելու համար։ Կառավարության հայտարարության համաձայն՝ Բրիտանիան արդեն 400 «երկիր-օդ» հրթիռ էր մատակարարել մինչև ձմռան սկիզբը։
Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ նոր փաթեթի հրթիռներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունն իրանական նախագծման Shahed անօդաչուներով, այդ թվում՝ ռեակտիվ շարժիչով տարբերակներով ռուսական հարձակումների դեմ։

Մասնավոր ընկերության պնդմամբ՝ Blysk-ն Ուկրաինայում տեղակայված առաջին հակաօդային պաշտպանության լազերն է։ Այն դեռ որևէ թիրախի դեմ չի գործադրվել, ուստի դրա արդյունավետությունն ապացուցված չէ։
Պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը փաթեթի մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի 37-րդ հանդիպումը Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ համանախագահելիս։ Ֆորումը միավորում է մոտ 50 երկիր՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը համակարգելու համար։ Այն սկիզբ է առել 2022 թ․ ապրիլի 26-ին Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում ԱՄՆ-ի հյուրընկալած հանդիպմամբ, որով ստեղծվել է ոչ պաշտոնական ֆորում՝ առանց պայմանագրային պարտավորությունների զենքի, զինամթերքի, ուսուցման և ապահովման հնարավորությունների տրամադրումը համակարգելու համար։
Հրթիռներն ուկրաինական զինված ուժերին կմատակարարի ֆրանսիական պաշտպանական Thales ընկերությունը, որն արտադրական հարթակ ունի Բելֆաստում։ Բրիտանական հայտարարության համաձայն՝ ակնկալվում է, որ մատակարարումները կսկսվեն դեկտեմբերի կեսերին։
1 րոպե

Militarnyi-ի տվյալներով՝ Geran-5-ի մեկ այլ նմուշում հայտնաբերված 115 արտասահմանյան բաղադրիչներից 81-ը ԱՄՆ արտադրողներինն են, ինչը ցույց է տալիս, որ երկու զենքերում էլ շարունակում են օգտագործվել արտասահմանյան էլեկտրոնային բաղադրիչներ։
2 րոպե

Կանոններն ուժի մեջ են մտել նոյեմբերի 18-ին։ Դրանցում ներառված որոշ շարժիչներ օգտագործվում են իրանական նախագծով Shahed անօդաչուներում, որոնք հավաքում է Ռուսաստանը։ Ուկրաինան կոչ է արել խստորեն կիրառել կանոնները։
2 րոպե