Rio Tinto-ն պարտավորվել է $250 միլիոն հատկացնել Պանգունայի հանքի մաքրմանը


Ընկերությունը, Բուգենվիլի կառավարությունն ու հանքի նախկին շահագործողը համայնքների առաջնորդների հետ պայմանավորվել են հիմնադրամ ստեղծել։ Բնակիչները կմասնակցեն առաջնահերթությունների որոշմանը, այդ թվում՝ աղտոտված ջրի և վնասված ենթակառուցվածքների խնդիրների լուծմանը։
Rio Tinto-ն կամավոր պարտավորվել է առաջիկա տարիներին $250 միլիոն հատկացնել Պապուա Նոր Գվինեայի Բուգենվիլ կղզու նախկին Պանգունա հանքի պատճառած վնասների վերացման հիմնադրամին։ Ընկերությունը, հանքի նախկին շահագործող Bougainville Copper Limited-ը և Բուգենվիլի ինքնավար կառավարությունը համայնքների առաջնորդների հետ պայմանավորվել են ստեղծել հիմնադրամը։
Պղնձի և ոսկու հանքը գործել է 1972-ից մինչև 1989 թվականը, երբ հողատերերի սաբոտաժը հարկադրեց փակել այն։ Այդ շրջանում վեճեր էին ծավալվել շրջակա միջավայրին հասցված վնասի և շահույթի բաշխման շուրջ։ Հիմնադրամի ստեղծումն ապագա աշխատանքների պարտավորություն է․ գումարը չի բավարարի ամբողջ հանքավայրի վերականգնման համար, գրել է The Guardian-ը։
Պանգունա համայնքի առաջնորդ և Բուգենվիլի կառավարության նախարար Թեոնիլա Ռոկա Մատբոբն ասել է, որ բնակիչները հրատապ կարիք ունեն անվտանգ խմելու ջրի հուսալի հասանելիության և կամուրջների, որոնք կհեշտացնեն առևտրի, դպրոցների ու բուժօգնության հասանելիությունը։ Նրա խոսքով՝ հիմնադրամը հիմք է ստեղծում բնապահպանական խնդիրները լուծելու և երեխաների ապագայում ներդրումներ անելու համար, թեև դեռ շատ աշխատանք կա անելու, իսկ ոչ մի գումար չի կարող վերականգնել Պանգունայի շրջակա միջավայրին հասցված վնասը։
Հանքի շրջակայքում մնում են աղտոտված գետեր և անկայուն ապարների կույտեր։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը պարզել է, որ սողանքները, պաշտպանական թմբերի փլուզումներն ու ջրհեղեղները շարունակում են վտանգել մարդկանց կյանքը։
Rio Tinto-ն հայտնել է, որ արդեն ընթացող ծրագրերը ներառում են կամուրջների կառուցումը, ջրհեղեղների ռիսկի նվազեցումը և նախկին հանքին հարակից գոտում ջրամատակարարման ու սանիտարական պայմանների բարելավման բազմամյա ծրագիր։ Այդ ծրագրերը սկսվել են նոր հիմնադրամի ստեղծումից առաջ։

Rio Tinto-ն Պանգունայի սեփականատեր և շահագործող Bougainville Copper-ի մեծամասնական բաժնետերն էր, մինչև 2016-ին հրաժարվեց իր 53,8% մասնաբաժնից։ Գնահատման գործընթացը հաջորդել է համայնքի մարդու իրավունքների վերաբերյալ բողոքին, որը ներկայացրել էր Ավստրալիայում գործող Մարդու իրավունքների իրավական կենտրոնը՝ գլխավոր բողոքատու Ռոկա Մատբոբի մասնակցությամբ։
Rio Tinto-ն հայտնել է, որ 2021-ին ստեղծվել է վերահսկող հանձնաժողով, իսկ անկախ գնահատումը հրապարակվել է 2024-ի դեկտեմբերին։ Կառավարությունը, Bougainville Copper-ը և Rio Tinto-ն 2024-ին նաև կլոր սեղան են ստեղծել՝ գնահատման արդյունքներին արձագանքելու և առաջնահերթ աշխատանքներն առաջ տանելու համար։
Մարդու իրավունքների իրավական կենտրոնի իրավական տնօրեն Քերեն Ադամսն ասել է, որ հիմնադրամը տարիների աշխատանքի արդյունք է և հնարավորություն է ստեղծում վերացնելու տասնամյակներ շարունակ չվերացված վնասը։ Բուգենվիլի նախագահ Իշմայել Տորոաման ասել է, որ աշխատանքները կարող են օգուտ բերել տուժած համայնքներին ու ապագա սերունդներին, իսկ շարունակական ներգրավվածությունն անհրաժեշտ է՝ տեղական առաջնահերթություններն արտացոլելու համար։
Rio Tinto-ն հայտնել է, որ մանրամասն առաջնահերթություններն ու աշխատանքների ծավալը կմշակվեն համայնքների հետ։ Հիմնադրամի կառուցվածքը, կառավարումը և աշխատանքների իրականացման կարգը նույնպես կմշակվեն համայնքների, կառավարության և երկու ընկերությունների հետ խորհրդակցելով։ Նախատեսվում է, որ հիմնադրամը կաջակցի գետերի և դրանց դելտաների շրջաններում իրականացվող աշխատանքներին և տուժած համայնքների սոցիալական ծրագրերին։ Rio Tinto-ի խոսքով՝ հիմնադրամն ու դրա աշխատանքները տարանջատված են հանքի և նավահանգստի ապագա վերագործարկման որոշումներից, որոնք ընդունելու իրավունքը պատկանում է Բուգենվիլի կառավարությանը և ժողովրդին։
Rio Tinto-ի անվտանգության և տեխնիկական հարցերի գլխավոր տնօրեն Մարկ Դեյվիսն ասել է, որ հիմնադրամի նպատակն է գնահատումից անցնել խնդիրների գործնական լուծմանը։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունները որոշելու հաջորդ քայլը համայնքների ներգրավումն է։
ՆԱՍԱ-ի հայտարարությամբ՝ SuperCam-ի տվյալները ցույց են տալիս, որ Իդուբիի արտասովոր բաց գույնի բեկորները հարուստ են ջրավորված սիլիկահողով և մագմատիկ ապարներ չեն։ Ընթանում է դրանց մոտիկից ուսումնասիրությունը՝ պարզելու, թե ինչպես են դրանք ձևավորվել և արդյոք կարող են կյանքի հետքեր պահպանել։
2 րոպե

Մոդելը համապատասխանում է նաև ձգողականության արբանյակային չափումներին՝ չհակասելով երկարաժամկետ երկրաբանական գործընթացներին։ Այն վերակազմում է տարածաշրջանի սառույցի պատմությունն ու դրա տակ տեղի ունեցած շարժումները 1900-ից 2020 թվականներին։
3 րոպե

OpenAI-ն հայտնել է, որ ChatGPT for Academic Researchers ընդլայնված ծրագրով աշխարհի հետազոտողներին կառաջարկի անվճար օգտվել իր գերբանականության (ԳԲ) առաջատար մոդելներից։
1 րոպե