Stoke Space-ն ավարտել է Zenith շարժիչի մշակումը


Ընկերության խոսքով՝ թռիչքի համար նախատեսված շարժիչներն ընդունման փորձարկումներն անցնելուն պես ամեն շաբաթ ուղարկվում են Nova-ի առաջին աստիճանին միացնելու համար։ Հրթիռի վերին աստիճանը դեռ փորձարկվում է։
Վաշինգտոն նահանգում գործող արձակումների Stoke Space ընկերությունը 2026 թ․ նոյեմբերի 19-ին հայտարարել է, որ ավարտել է իր Nova հրթիռի համար նախատեսված՝ մեթանով աշխատող Zenith շարժիչի մշակումը։ Ընկերության խոսքով՝ թռիչքի համար նախատեսված շարժիչներն ընդունման փորձարկումներն անցնելուն պես ամեն շաբաթ ուղարկվում են Կանավերալ հրվանդան՝ Nova-ի առաջին աստիճանին միացնելու համար։
Այս ձեռքբերմանը նախորդել էին տարվա սկզբին առաջին աստիճանի կառուցվածքային փորձարկումները, սակայն այն չի նշանակում, որ հրթիռը պատրաստ է թռիչքի։ Nova-ի բազմակի օգտագործման առաջին աստիճանը նախատեսված է 7 Zenith շարժիչով աշխատելու համար, որոնք ամբողջ հզորությամբ գործելիս միասին կստեղծեն մոտ 700 000 ֆունտ քարշի ուժ։
Հունիսին Stoke Space-ն հայտնել էր, որ Վաշինգտոն նահանգի Մոզես Լեյքում առաջին աստիճանի նախաորակավորման փորձարկումների ընթացքում ստուգվել է կառուցվածքին վերաբերող 46 փորձարկման նպատակ, ինչպես նաև փորձարկվել են հրթիռի հեղուկների համակարգերը, էլեկտրոնիկան, ծրագրային ապահովումը, վերգետնյա սարքավորումներն ու գործառնական ընթացակարգերը։ Փորձարկումների ընթացքում երկու բաքերն էլ լցվել են՝ ճնշումը հասցնելով սպասվող առավելագույնից բարձր մակարդակի, և ստուգվել է ճնշման ավտոմատ կառավարումը՝ լցվածության տարբեր մակարդակներում։
Վերին աստիճանը ծայրահեղ սառը հեղուկներով և շարժիչի գործարկմամբ փորձարկումներ է անցնում Վաշինգտոն նահանգում գտնվող Stoke Space-ի համալիրում, գրել է Ars Technica-ն։ Stoke Space-ն ուզում է երկու աստիճաններն էլ բազմակի օգտագործել՝ հաճախակի թռիչքներ իրականացնելու և արձակումների ծախսերը նվազեցնելու համար։ Վերին աստիճանի փոքր շարժիչները տեղադրված են սառեցվող ջերմապաշտպան վահանի շուրջը, որը նախատեսված է մթնոլորտ կրկին մուտք գործելիս այն պաշտպանելու համար։
Սեպտեմբերին Stoke Space-ի գլխավոր տնօրեն Էնդի Լապսան ներկայացրել էր Կանավերալ հրվանդանում առաջին աստիճանի հետագա փորձարկումների ծրագիրը։ Դրանց հաջորդելու է ստատիկ կրակային փորձարկումը, որի ընթացքում շարժիչները գործարկվում են, մինչ աստիճանը մնում է գետնին։ Դրանից հետո այն կմիացվի վերին աստիճանին։ Վերին աստիճանը նույնպես Վաշինգտոն նահանգում փորձարկվելուց հետո կուղարկվի Ֆլորիդա։
Stoke Space-ն իր առաջին ուղեծրային տարբերակի՝ Nova Pathfinder-ի առաջին ուղեծրային թռիչքը Կանավերալ հրվանդանի 14-րդ տիեզերական արձակման համալիրից նախատեսել է 2027-ի սկզբին։ Ընկերության խոսքով՝ առաքելությունը նախատեսված է թռիչքի ընթացքում առաջին տվյալները ստանալու համար այն մասին, թե ինչպես են համատեղ աշխատում բազմակի օգտագործման համար նախատեսված սարքավորումները, այդ թվում՝ Zenith շարժիչներն ու վերին աստիճանի ակտիվորեն սառեցվող շարժիչն ու մետաղական ջերմապաշտպան վահանը։
Նախատեսված թռիչքի ընթացքում կտեղափոխվեն AstroForge-ի տիեզերանավի բանական համակարգի ցուցադրման համար նախատեսված Autonomy-1-ը և Celestis-ի Infinite Flight օգտակար բեռը, հայտնել է Stoke Space-ն։
Հարձակման ենթարկված տանկերներից արտահոսած նավթը հասնում է Արաբական Միացյալ Էմիրությունների լողափեր և սպառնում Օմանի սուզվելու վայրերին։ Տարածաշրջանում նավթաբծերը քարտեզագրվում են։
2 րոպե

Նրանց մոդելը տիեզերքի արագացող ընդարձակումը կապում է ուժեղ միջուկային փոխազդեցության հետ՝ առանց նոր տարրական մասնիկների կամ դաշտերի։ Թիմի խոսքով՝ այն գերնոր աստղերի և վաղ տիեզերքից մնացած ճառագայթման դիտարկումներին համապատասխանել է նույնքան լավ, որքան ստանդարտ մոդելները։ Նախատեսվում են նոր ստուգումներ։
2 րոպե

Երկրի 24 և Մարսի մեկ դյունային դաշտում ամենաշատ ավազը տեղափոխել են շարժման շեմը հազիվ գերազանցող քամիները։ Հատիկների չափը կարող է օգնել գնահատելու դրանց արագությունը։
3 րոպե